Ապրիլի 27-ին Արատտա ուսանողական շարժումը հյուրընկալել էր աշխարհահռչակ քաղաքագետ, դիվանագետ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Պապյանին: Նա սեմինար անցկացրեց ուսանողների հետ «Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը` որպես Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղի» վերնագրով:
Արա Պապյանն առաջին մարդն է, ով, մանրազնին ուսաումնասիրելով Վ.Վիլսոնի Իրավարար վճիռը, տպագրել է դրա մասին աշխատություններ: Արատտայի սաներին նա հիմնովին, բայց և մատչելի կերպով ներկայացրեց հայ-թուրքական սահմանին վերաբերող պայմանագրերը: Դրանք 5-ն են՝ Սևրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի և Լոզանի: Ուսանողների հետ հարցուպատասխանով Արա Պապյանը նրանց ցույց տվեց, որ Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանգրերը ամենևին էլ պայմանագրեր չեն համարվում: Քանի որ պայմանագիրը պետք է կնքվի միջազգային սուբյեկտների՝ պետությունների միջև: Մարդկանց երկու խմբեր չեն կարող պայմանագիր կնքել, դա կարող է կոչվել օրինակ՝համաձայնագիր, և ոչ մի կերպ չի կարող օրինական համարվել: Պապյանը պարզաբանեց Լոզանի պայմանագրի վերաբերյալ տարածված մի սխալ տեղեկություն, այն է, թե Լոզանի պայմանագիրը չեզոք է հայտարարել Սևրինը: «Այդպես ասողները իրենց ասածները հաստատող հոդված չեն կարողանում ցույց տալ Լոզանի պայմանագրում: Որովհետև չկա», - նշեց քաղաքագետը: Սևրի պայմանագրի մասին Պապյանը ասաց, որ այն վավերականացված չէ, չնայած օրինական է:
Սակայն կա մի այլ փաստաթուղթ, որը մեզ՝ հայերիս համար հույժ կարևոր պետք է լինի: Դա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռն է: Այդ վճռով նախագահը սահմանել էր հայոց սահմանները: Վճիռը կնքված է ոչ թե անձնական կնիքով, այլ ԱՄՆ նախագահի, ինչը նշանակում է, որ այս վճիռը անբեկանելի և անժամանցելի է:
Արատտայի սան Սոնա Գաբրիելյանը նշում է, որ ամենաշատն իրեն հետաքրքրեց այն, որ Հայաստանը ըստ Իրավարար վճռի հինգ նավահանգիստ ունի: Ուսանող Էդգար Սարգսյանին նույնպես գայթակղիչ թվաց ծովային ելք ունենալը: Արատտայի սան, ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Օհանյանը տպավորված էր Պապյանի այն խոսքերով, թե կան պատմաբաններ, որ հասկանում են Պապյանի տեսության իրավացիությունը, բայց կողմ չեն դրան, քանի որ չեն կարող ընդունել, որ իրենց ողջ կյանքը զբաղվել են խաբեությամբ: «Սա ցույց է տալիս, թե ինչպես որոշ մարդիկ անձնականը հայրենիքից վեր են դասում, և դա բերում է տխուր հետևանքների»,- հավելեց Լիլիթը:Վերջում զրուցեցինք «Արատտա» ուսանողական շարժման հիմնադիր-ղեկավար Հովհաննես Բասենցյանի հետ: «Մեր սաներն իմացան, որ Հայաստանի սահմանները կարող են ընդլայնվել օրինական ճանապարհով: Դա ինքնավստահություն է հաղորդում: Մենք հասնում ենք այն գաղափարին, որ հայ լինելը մեծ արժանիք է», - իր խոսքում ընդգծեց Հովհաննես Բասենցյանը:
Արա Պապյանը նշեց, որ այսպիսի սեմնինարները շարունակական կլինեն:
Комментариев нет:
Отправить комментарий