четверг, 28 марта 2013 г.

Շարժման դպրոց


«Արատտա» ուսանողական շարժման դպրոցը կազմակերպում է ընդունելություն, որտեղ դուք կսովորեք.
՝
Հանրային կառավարում, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, հռետորական արվեստ, PR, տեղեկատվական համակարգեր, էթնո-հոգեբանություն, լրագրություն, պատմություն և այլն, ինչպես նաև մեզ մոտ դուք կսովորեք ինչպես գրել հոդվածներ, խոսել տեսախցիկի առջև:

Դասընթացները անվճար են և նպատակ ունեն աջակցելու ուսանողներին` կայանալու իրենց մասնագիտության և ուսման մեջ: Դասընթացները վարում են ոլորտի առաջատար մասնագետները:

Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Դասընթացների տևողությունը 3 ամիս է (շաբաթական 2 օր): Դասընթացների վերջում կազմակերպվելու են ակտիվ արշավներՙՙՙ որոնց ավարտից հետո կտրվեն վկայականներ:

Դպրոցին կարող է դիմել ցանկացած ուսանող: Դիմելու վերջնաժամկետն է մարտի 30-ը:

Դիմել կարող եք 010 54 68 41, 077 59 59 34 հեռախոսահամարներով:

Հասցե` Դեղատան 15/1:

среда, 27 марта 2013 г.

Արատտա երկրի պատմություն

Այսօր հայտնի առաջին պատմական տեղեկությունները հայկական լեռնաշխարհի մասին պահպանվել են շումերական սեպագիր արձանագրություններում և վերաբերում են ք.ա. XXVIII-XXVII դարերին: Այդ արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը: Արատտա անունն իրավամբ համադրվում է Արարատի հետ, ինչն առավել ակնառու է համաշխարհային ջրհեղեղի մասին շումերական և աստվածաշնչյան պատմությունների համեմատությունից: Դրանցում համապատասխանաբար Արատտան և Արարատն են հանդես գալիս իբրև փրկության վայր: Շումերա-Աքքադական սեպագիր արձանագրությունների շնորհիվ տեղկանում ենք, որ հայկական լեռնաշխարհի՝ այսօր հայտնի հնագույն պետության՝ Արատտայի հովանավոր աստվածը Հայկն էր՝ իմաստության և տիեզերական ջրերի Հայա աստծո որդին: Նրա պաշտամունքը կապվում է հայկական լեռնաշխարհի՝ Եփրատ և Տիգրիս գետերի ակունքների հետ: Հայոց նախաքրիստոնեական ավանդազրույցի համաձայն՝ մեր ժողովուրդը համարվել է արարչագործ Հայա աստծո և նրա որդի Հայկ դյուցազնի ժառանգը՝ կրելով արարչագործ աստծո անունը:

пятница, 22 марта 2013 г.

Բաց նամակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին <<Արատտա>> ուսանողական շարժման կողմից

2012 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հայտարարվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Սակայն, ցավոք սրտի, մեր մայրաքաղաքում քիչ են գրախանութները, իսկ գրքի տոնավաճառները իսպառ բացակայում են:
Սրան գումարվում է նաև այն, որ Մետրոյի <<Երիտասարդական>> կայարանին հարող գետնանցումի վերանորոգման պատճառով գրավաճառները ստիպված են եղել դուրս գալ այնտեղից: Արդյունքում գրքերը մնացել են բարձիթողի վիճակում: Ուզում ենք հիշեցնել, որ յուրաքանչյուր մայրաքաղաքի պատիվն է ունենալ գրքի մի քանի տոնավաճառներ: Հատկապես հայոց պետականության պատիվն է Երևանում ունենալ գրքի գեթ մեկ մշտական տոնավաճառ:
Երևանի քաղաքապետարանը գրավաճառներին առաջարկել է երկու վայր, որտեղ հնարավոր չէ գիրք վաճառել` տարածքով փոքր են, կեղտոտ և հեռու են ԲՈՒՀ-երից:
Մե՛նք, որպես գրքասեր և ընթերցանության ջատագով ուսանողներ, պահանջում ենք.
• Բացել տոնավաճառ ուսանողներին հարմար վայրում, ինչպիսին կարող է լինել Նալբանդյան փողոցի սկզբում գտնվող ընդարձակ տարածությունը:
• Մինչև տոնավաճառի բացումը գրավաճառներին արագ տրամադրել ժամանակավոր տարածք հետևյալ վայրերից մեկում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահներից մեկում, Մետրոյի <<Հանրապետության Հրապարակ>> կայարանի գետնանցումի փակ տարածքում, Մետրոյի <<Երիտասարդական>> կայարանի հարևանությամբ գործող սրճարանների տարածքում (սրճարանի տերերը համաձայն են աջակցել քաղաքապետարանի թույլտվության առկայության դեպքում):
• Վերահսկողություն իրականացնել գրավաճառներից գանձվող տարածքի վարձի և հարկերի վրա, որպեսզի ապահովվի գրքերի ցածր գինը:

Հուսով ենք` քաղաքապետարանի որոշումը կվերանայվի մեր պահանջներին համապատասխան:

<<Արատտա>> ուսանողական շարժում

22.03.2013

среда, 20 марта 2013 г.

Արատտա ուսանողական շարժում


«Արատտա» ուսանողական շարժումը միավորում է ուսանողներին մեկ հավաքական կառույցի ներքո` նպատակ ունենալով խրախուսել ուսանողների ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական, մշակութային կյանքին, բարձրացնել ուսանողների ազգային ինքնագիտակցությունը:
Արատտա ուսանողական շարժումը աջակցում է ուսանողներին` կայանալու իրենց մասնագիտության մեջ, ստանալու գործնական գիտելիքներ:

Նշանաբանն է` միավորենք գիտելիքն ու փորձը հանուն ազգային խնդիրների լուծման:

Նպատակներն են.
  • Միավորել ամբողջ ուսանողությանը մեկ հավաքական կառույցի ներքո,
  • Ակտիվ հասարակական մասնակցություն ունենալ ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական-քաղաքական, մշակութային իրադարձություններին,
  • Կազմակերպել տարբեր հասարակական-քաղաքական, մշակութային միջոցառումներ` ելնելով ուսանողների շահերից,
  • Աջակցել ուսանողներին` կայանալու իրենց մասնագիտության և ուսման մեջ,
  • Խրախուսել ուսանողների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին,
  • Նպաստել ուսանողների ազգային ինքնագիտակցության բարձրացմանը,
  • Փոխհամագործակցել այլ հասարակական կազմակերպությունների հետ: